Իրավապահները բերման են ենթարկել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) երկու անդամի, հայտնում է միությունը։
Ըստ միության տարածած հաղորդագրության՝ երիտասարդները փորձել են վերատեղադրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում 2022 թվականից տեղադրված Արցախի դրոշը, որը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հեռացրել էր Երևանի քաղաքապետարանը։
ՀԵՄ-ը կատարվածը որակել է որպես պայքար հայկական հիշողության, պատմության և արժեքների դեմ և հայտարարել, որ իրավապահների գործողությունները չեն կարող կասեցնել Արցախի խորհրդանիշների պաշտպանությանն ուղղված իրենց նախաձեռնությունները։
Նրանց տվյալներով՝ դրոշը հեռացվել է 3 անգամ, և հունիսի 24-ի երեկոյան նրանք երրորդ անգամ են փորձել այն տեղադրել։
«Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ Արցախի դրոշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկվում։ Սա պարզապես հերթական միջադեպ չէ․ սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշերի վրա»,- նշել են ՀԵՄ-ից։
Միությունից կարծում են, որ նման գործելաոճը լավագույնս բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։
«Որքան էլ փորձեն ջնջել ազգային հիշողությունը, պատմական ճշմարտությունն ու մեր ինքնությունը, նրանք չեն կարողանա խլել այն արժեքները, որոնց վրա կառուցելու ենք մեր ապագա հայրենիքը։ Այդ հայրենիքը հիմնված է լինելու մեր ազգային արժեհամակարգի, պատմական ճշմարտության և հավաքական հիշողության վրա։ Եվ այդ հայրենիքում Արցախի դրոշը միշտ կունենա իր արժանի ու անփոխարինելի տեղը՝ որպես պայքարի, հիշողության և ազգային արժանապատվության խորհրդանիշ»,- ասված է հրապարակման մեջ։




































