Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Այսօր մինչև 17:00-ն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Մլետա-Գուդաուրի հատվածում արգելվում է կցորդիչներով մեքենաների երթևեկությունը։ Ճանապարհը մյուս տեսակի ավտոմեքենաների համար բաց կլինի։
Մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետում արդեն մոտ քսան օր է՝ բարդ իրավիճակ է ստեղծվել, ինչի հետևանքով Ռուսաստանից Հայաստան վերադարձող բեռնատարների երկար կիլոմետրերով հերթեր են գոյացել։ Ըստ հրապարակման՝ հարյուրավոր մեքենաներ օրերով սպասում են ռուս-վրացական սահմանը հատելու թույլտվությանը՝ Հայաստան հասնելու համար։




































