«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանին լեգիտիմ իշխանություն է պետք, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ապահովել իր ուժի ձայներով։ Կարապետյանը նաև հայտարարել է ընտրությունների 2-րդ փուլի անհրաժեշտության մասին։ Նրա ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նա ընտրությունները տապալված է անվանել՝ հայտարարելով նաև, որ եթե Փաշինյանը կառավարություն ձևավորի, այն լեգիտիմ չի լինելու և «փորձանքներ է բերելու»։
«Փաշինյանը թոզ փչեց։ Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, կեղծված են։ Տեռորի պայմաններում ընտրություններ չեն անցկացնում»,- նշել է Կարապետյանը՝ շեշտելով իր 780 թիմակիցների ձերբակալությունների մասին։
Armenia Today-ի հարցին՝ սպասում է արդյոք կեղծիքների արձանագրման նաև վերահաշվարկի ընթացքում, Կարապետյանը հիշեցրել է այսօր ԿԸՀ ներկայացված դիմումի մասին ու հավելել, որ պատրաստվում են դիմել նաև Սահմանադրական դատարան։
«Մեր առաջին պահանջն է չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ։ Եթե ինքը (Փաշինյանը-խմբ․) վստահ է, որ հաղթել է, երկրորդ փուլով կորոշենք՝ հաղթել է, թե ոչ»,- հավելել է Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ երկրորդ փուլում «ձայներ փոշիացնող չեն լինի», և այդ դեպքում հնարավոր կլինի պարզել ընտրությունների իրական հաղթողին։
«Ինքը (Փաշինյանը-խմբ․) նույնիսկ հիմա ճիշտ ձևով ընտրվելու հանարավորություն չունեցավ։ Եթե վստահ է իր վրա՝ կգնանք երկրորդ փուլ»,- ընդգծել է նա։
Կարապետյանը հստակեցրել է, որ այս փուլում առաջնայինը ոչ թե խորհրդարան գնալ, չգնալու, այլ Փաշինյանին հեռացնելու հարցն է` օրինական ճանապարհներով։
«Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն՝ կհեռացնենք այդ ճանապարհով»,- շեշտել է Կարապետյանը։
Armenia Today-ի դիտարկմանը, թե ո՞ւմ է տեսնում որպես փողոցային պայքարի առաջնորդ, Կարապետյանը նշել է, որ մեկ առաջնորդ չի լինի։
«Քանի որ բոլորն էլ տուժել են Փաշինյանի նախընտրական պայքարի քաղաքականությունից, բոլորն էլ պետք է մասնակցեն»,- ասել է նա։
Կարապետյանը վստահություն է հայտնել, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներից ոչ ոք չի միանա «Քաղաքացիական պայմանագրին», ինչպես նախկինում տեղի է ունեցել որոշ այլ քաղաքական ուժերի դեպքում։
Կարապետյանը հայտարարել է նաև, որ ընտրություններում, իր գնահատմամբ, հաղթել են արտաքին ուժերը։
«Մենք չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել։ Հաղթել են ամերիկացիները, ադրբեջանցիները, թուրքերը, եվրոպացիները, ռուսները, պարտվել է հայ ժողովուրդը»,- նշել է նա։
Ավելի ուշ նա նշել է, որ նույնիսկ Փաշինյանի թիմակիցներն իրեն լուրջ չեն վերաբերվում։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել է 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝



































