Դատարանը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Կ.-ի նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ կալանավորելու նպատակով, հայտնել է ՔԿ-ն:
Ըստ հրապարակման՝ Տ․Ու.-ն շուրջ 4 տարի առաջ Ա․Հ.-ին և նրա երկու եղբայրներին 3 մլն 300 հզր ՀՀ դրամ պարտքը վերադարձնելու հարցը լուծելու նպատակով դիմել է Ա․Կ․-ի մտերիմ Ա․Ա․-ին:
Տեսնելով, որ հարցը չի լուծվում, 2025 թվականի ապրիլի 3-ին նույն հարցով՝ Ա․Փ․-ի միջոցով դիմել է Ա․Կ․-ին, որը 1 մլն 300 հզր ՀՀ դրամ գումար ստանալու դիմաց լուծել է վեճը:
Տ․Ու․-ն 2025 թվականի ապրիլի 25-ին Ա․Կ․-ի ղեկավարած խմբավորման անդամ Ա․Փ․-ի միջոցով դիմել է Ա․Կ․-ին՝ իր և ազգական Ա․Ա․-ի հետ ունեցած ֆինանսական խնդիրներն ու վեճը իր օգտին լուծելու խնդրանքով:
Մասնավոր վեճը Տ․Ու․-ի օգտին լուծելու նպատակով՝ Ա.Կ.-ն Ա.Ա.-ի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ՝ պահանջելով բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել, ինչը նա կատարել է:
Տ․Ու.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարով) (2 դրվագ), Ա․Փ․-ի և Ա․Ա․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարով), իսկ Ա․Կ․-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 7 տարով) 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարով) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարով):



































