Մի շարք ընտրատեղամասերում սկսված վերահաշվարկի գործընթացից հետո ստացված տեղեկատվության համադրմամբ ԲՀԿ-ն արձանագրել է քվեաթերթիկների թվաքանակի սխալ հաշվարկի դեպքեր, հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։
Ըստ ԿԸՀ նախնական հաշվարկի՝ ԲՀԿ-ն ստացել է 3,9% ձայն և չի հատել կուսակցությունների համար 4%-ի շեմը։
Մասնավորապես՝ 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն, 12/20 ընտրատեղամասում արձանագրվել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն, 27/26 ընտրատեղամասում ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն, իսկ 38/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, գրանցվել է 4 ձայն։
Տոնոյանի խոսքով՝ փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Նա նշել է, որ շարունակում են տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգան համապատասխան թարմացումներով:
ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի 7-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ը: Ընտրություններին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք, որոնց քվեարկելու իրավունք ուներ 2 505 102 քաղաքացի: Գործընթացին հետևում է 13 տեղական և 8 միջազգային առաքելություններ, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների և օտարերկրյա ընտրական մարմինների ներկայացուցիչներ:
1758 ընտրատեղամասում տեղադրվել են տեսախցիկներ, իսկ էլեկտրոնային ընտրողների գրանցման համար օգտագործվել է 4000 տեխնիկական սարք:





































