Լիբանանահայ մոդել Սերենա Աբու Սեֆյանը բացել է Fendi-ի աշուն/ձմեռ 2026 հավաքածուի ցուցադրությունը և ստորագրել բացառիկ պայմանագիր ապրանքանիշի հետ։
20-ամյա մոդելը ծնվել և մեծացել է Լիբանանի Բուրգ-Համմուդ թաղամասում՝ հայ ընտանիքում: Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Անտելիաս, որտեղ Սերենան հաճախել է հայկական դպրոցներ և որոշ ժամանակ ուսանել Հայկազյան համալսարանում:
Մոդելի խոսքով՝ նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը մանկուց է ունեցել, սակայն նա երկար ժամանակ չի մտածել սրահային կարիերայի մասին։
«Ինձ միշտ հետաքրքրել է նորաձևությունը, բայց պարտադիր չէին մոդելային աշխատանքները: Ուղղակի ինչ-որ տեղ խորապես ցանկանում էի դա, բայց երբեք բարձրաձայն չէի ասում»,- խոստովանել է Սեֆյանը:
Նրա ճանապարհն ինդուստրիայում սկսվել է 16 տարեկանում՝ պատահական հանդիպումից նորաձևության ոլորտի ներկայացուցիչների հետ: Ապագա մոդելն ուշադրություն է գրավել մարզասրահում մարզվելու ժամանակ: Մոդելային տան՝ Elie Saab-ի հետ կապ ունեցող անձը նրան խորհուրդ է տվել փորձել ուժերը նորաձևության ոլորտում:
Սեֆյանն առաջին պրոֆեսիոնալ նկարահանումն ստացել է մի քանի օր անց՝ ստորագրելով մոդելային գործակալության հետ պայմանագիր: Նրա դեբյուտային նախագիծը ինը ժամ տևողությամբ ստորջրյա լուսանկարահանումն էր Bazaar-ի համար՝ լուսանկարիչ Լարա Զանկուլի հետ։
«Դա իսկական մարտահրավեր էր, բայց աներևակայելի հետաքրքիր։ Այդ ժամանակ ես հասկացա, թե որքան հետաքրքիր կարող է լինել այս ոլորտը»,- հիշում է նա։
Հետագայում Սեֆյանը մասնակցել է Chanel Beauty, Etro, Gucci և Jil Sander նախագծերին: Իրական առաջընթաց նրա համար հանդիսացել է Fendi ներկայացմանը հրավերը: Քասթինգից հետո բրենդը ոչ միայն հրավիրել է մոդելին աշուն-ձմեռ 2026 շոուին մասնակցելու, այլև վստահել նրան բացել ներկայացումը: Նույն ընթացքում Fendi-ն ստորագրել է նրա հետ բացառիկ պայմանագիր: Մոդելի խոսքով՝ այս նորությունը նրա համար լիակատար անակնկալ էր. «Ես սկսեցի արտասվել, և իմ գործակալներն էլ»:
Հետագայում Սեֆյանը մասնակցել է նաև Fendi-ի 2026/27 թեթև հավաքածուի (cruise) ներկայացմանը: Միջազգային կարիերա ունենալով՝ աշխատելով Փարիզում, Միլանում, Մադրիդում և Բարսելոնայում, մոդելն ընդգծում է, որ Լիբանանը շարունակում է մնալ իր տունը։
«Այստեղ եմ մեծացել, այստեղ են իմ ընտանիքը և ընկերները: Լավագույնն է տուն վերադառնալը»,- ասել է Սերենան:
Սեֆյանը նաև նշում է, որ կարևոր է ներկայացնել հայ համայնքը համաշխարհային նորաձևության ասպարեզում: Նրա խոսքով՝ նա երկար ժամանակ իրեն «լիովին հայ» կամ «լիովին լիբանանցի» է զգացել, սակայն ժամանակի ընթացքում հասել է այն եզրակացության, որ պարտավոր չէ ընտրել երկու ինքնության միջև. «Վերջապես, բոլոր այդ պիտակները նշանակություն չեն ունենում՝ մենք բոլորս էլ նույնն ենք»:
Սերենան դարձել է առաջիններից մեկը լիբանանահայ մոդելների շրջանում, ով հասել է նման նշանակալի հաջողության համաշխարհային նորաձևության ինդուստրիայում: Նա համոզված է, որ իր պատմությունը ցույց է տալիս՝ մարդն ստիպված չէ ընտրել իր ծագման և իր նպատակների միջև:






































