Շենգավիթում հունիսի 7-ին դանակահարության հետևանքով 27-ամյա երիտասարդ է մահացել, կան ձերբակալվածներ, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ «Ականատես» դիտորդական կազմակերպությունից հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել 8/24 ընտրատեղամասի հարակից տարածքում։
Ըստ ՆԳՆ-ի՝ ժամը 19։55-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել, սակայն ավելի ուշ մահացել է։ ՆԳՆ-ից հստակեցրել են, որ դեպքը տեղի է ունեցել Արտաշիսյան փողոցում։ Երիտասարդին դանակահարելու կասկածյալը Երևանի 16-ամյա բնակիչ է։
Գերատեսչության նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել մի խումբ անձանց միջև մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները ձերբակալվել են։
Ավելի ուշ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, ձերբակալված է 3 անձ։
Քրվարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարով-խմբ․) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարով-խմբ․)։ ՔԿ-ից հավելել են, որ կատարվում է նախաքննություն։
Թարմացված է՝ 8.06.2026 | 11։00




































