ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ցուցադրված սպառազինությունն անվանել է իշխանությունների՝ ՊՆ-ին կատարած հատկացումների արդարացում։
Ըստ նրա՝ ամեն ինչ կպարզվի, երբ իշխանափոխություն լինի, և երբ «հետաքննեն ողջ պատմությունը»:
«Լսե՞լ եք այդ նույն մարդու հայտարարությունը 2020 թվականին՝ մինչև պատերազմը, երբ ասում էր, որ հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի: Եթե էդ զենքերը մետաղաջարդոն էին, էդ մետաղաջարդոնով մենք որոշիչ ո՞ւժ էինք»,- հարցրել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ զենքը ցուցադրելու համար չէ, այլ կռվելու: Այդ զենքը զենքը ոչ մի մարտ չի անցել:
«Այդ նմուշներից քանի՞ հատ մենք ունենք: Չեք կարող ասել չէ՞: Կամ էդ ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից և հզոր՝ դա՞, թե՞ «Իսկանդերը»»,- ընդգծել է Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել էր, որ շքերթին մասնակցում են 7 երկրի արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա։
Նրա խոսքով՝ դա հնարավոր է դարձել, երբ միջազգային սպառազինության շուկան ավելի հասանելի է դարձել Հայաստանի համար։ Փաշինյանը դա կապել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։



































