Ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որոնց շրջանակում 86 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել է Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունը հայտնել է, որ այդ վարույթների շրջանակում հարցաքննվել է շուրջ 1200 անձ, իրականացվել՝ մոտ 280 խուզարկություն։ Միաժամանակ՝ 9 քրեական վարույթ՝ 16 մեղադրյալի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ամենաշատ՝ 45 վարույթ նախաձեռնվել է քարոզչություն կատարելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելու կամ քարոզչությանը խոչընդոտելու, իսկ 41 վարույթ՝ հավաքների անցկացմանը կամ մասնակցությանը խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածներով։
ՔԿ-ի տվյալներով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ նախաձեռնվել է 8 վարույթ, այլ անձի փոխարեն կամ մեկից ավելի անգամ քվեարկելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ՝ 6-ական վարույթ, իսկ ընտրակաշառքի և ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածներով՝ մեկական վարույթ։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Կարդացեք նաև՝
Ինչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում (լրացվում է)




































