«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նախընտրական բանավեճի ժամանակ ներկայացրել է քաղաքական ուժի սոցիալական ծրագիրը՝ ուղղված աղքատության կրճատմանը։
Այն, ի թիվս այլնի, նախատեսում է պետական և մասնավոր միջոցների համախմբման հաշվին պետության կողմից անապահով ընտանիքների կոմունալ ծախսերի սուբսիդավորում։
Նրա խոսքով՝ անապահով ընտանիքներն ազատվելու են էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարներից։ «Աղքատ ընտանիքները զրո դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա նշել է, որ ներկայումս Հայաստանի շուրջ 650 հազար բնակիչ ապրում է աղքատության մեջ։ Որպես խնդրի լուծում՝ դաշինքն առաջարկում է աշխատատեղերի ստեղծում և ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին ամսական 150 հազար դրամի չափով նպաստի տրամադրում։
Կարապետյանը անդրադարձել է նաև 300 000 ադրբեջանցիների մասին խոսույթը Հայաստան բերելու հարցին։ Նա մեջբերել է ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության 2026 թվականի հաշվետվությունից մի հատված։
«Ադրբեջանը վաշինգտոնյան հռչակագրից հետո, Խաղաղության նախաստորագրումից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգոթյան և երկարաժամկետ խաղաղության համար»,- ասվում է զեկույցում։



































