«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ դատական հայց կներկայացնի, եթե ՀՀ քննչական կոմիտեն 24 ժամվա ընթացքում չհերքի իր՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին լուրը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Կարապետյանը լրագրողներին վերահաստատել է, որ երբեք Հայաստանի Հանրապետությունից բացի որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել, և արդեն դիմել են համապատասխան կառույցներին՝ պարզաբանում ստանալու համար։
«Իրավաբանները դիմել են ՌԴ դեսպանատուն, որպեսզի պատասխան տրվի»,- ասել է նա։
Կարապետյանը, անդրադառնալով Ռուսաստանում իր անունով ընկերության բաժնետիրության վերաբերյալ հրապարակումներին, նշել է, որ կարող է տարբեր երկրներում ունենալ սեփականություն կամ մասնակցություն ընկերություններում, սակայն դա որևէ կերպ չի նշանակում այլ երկրի քաղաքացիություն ունենալ։
«Կարող եք վստահ լինել, որ բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից երբեք չեմ ունեցել որևէ այլ երկրի քաղաքացիություն»,- վստահեցրել է նա։
Կարապետյանը նաև հայտարարել է, որ եթե Քննչական կոմիտեն 24 ժամվա ընթացքում չհերքի իր տարածած տեղեկությունը, իրենք դատական հայց կներկայացնեն կառույցի դեմ։
Նա հավելել է, որ արդեն պատրաստվում են այլ դատական գործընթացներ։ Կարապետյանի խոսքով՝ մինչև օրվա վերջ կարող են հրապարակվել մի շարք հայցերի մասին տեղեկություններ։ Խոսքը, ըստ Կարապետյանի, օտարերկրյա քաղաքացիություն ունենալու լուրը տարածած 7-8 պաշտոնատար անձի նկատմամբ հնարավոր դատական հայցերի մասին է։ Կարապետյանը պարզաբանել է, որ մտադիր չէ դատի տալ սովորական քաղաքացիներին, քանի որ կարծում է, որ նրանք կարող են մոլորության մեջ լինել։
Կարապետյանը նաև պնդել է, որ իր ապագան միշտ կապել է Հայաստանի հետ և, չնայած արտերկրում գործունեություն ծավալելուն, երբեք ցանկություն չի ունեցել ստանալ այլ երկրի քաղաքացիություն։
Կարապետյանը նաև մեկնաբանել է Քննչական կոմիտեի «անհերքելի ապացույցների» մասին պնդումը՝ նշելով, որ պատրաստ է «գրազ գալ» նման պնդումներ անողների հետ՝ կոչ անելով հրաժարական տալ նման տեղեկատվություն տարածողներին, եթե այն չհաստատվի։
Ավելին, նա վերահաստատել է իր մտադրությունը՝ դատական հայցերից ստացված ցանկացած փոխհատուցում և միջոցներ օգտագործել Սևանի հոգեբուժական հաստատությանը և հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց օգնելու ծրագրերին աջակցելու համար։
Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը, իր հերթին, պահանջել է, որ Քննչական կոմիտեն անհապաղ հրապարակի տարածված տեղեկատվության հերքումը՝ այն անվանելով զրպարտություն։
Ըստ Ալոյանի՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ անօրինական կերպով չստուգված տեղեկատվությունը ներկայացվել է որպես հաստատված փաստ՝ դրանով իսկ, նրա կարծիքով, խախտելով Կարապետյանի պատիվը, արժանապատվությունը և համբավը։
Փաստաբանը նաև նշել է, որ նման գործողությունները հատկապես անընդունելի են նախընտրական քարոզչության փուլում, երբ հստակ թիրախավորվում է նաև քաղաքական ուժը և նրա առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածուն՝ այն էլ հիմք ընդունելով ակնհայտ կեղծ տեղեկությունը։
Ալոյանը հիշեցրել է, որ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի համաձայն՝ կառույցի աշխատակիցները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն և արգելվում է զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Նա զգուշացրել է, որ եթե հերքումն անհապաղ չհրապարակվի բոլոր այն վայրերում, որտեղ ՔԿ-ն հրապարակել է զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ապա իրավունքների պաշտպանության համար համապատասխան հայց կներկայացվի դատարան։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փաստաթուղթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի: Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր, որ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։ Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքել էր լուրը, որ Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն ունի։
Կարդացեք նաև՝
Իմ ռուսական անձնագրի մասին ստեր տարածողներին դատի կտանք. Նարեկ Կարապետյան



































