Հայաստանում մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկում է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 19 քաղաքական ուժ, որոնց թվում՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։
Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Քաղաքական ուժերը քարոզարշավը կսկսեն երկրի տարբեր տարածաշրջաններից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզչության մեկնարկը կտա Սյունիքում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը կսկսի Երևանում՝ Ազգային ժողովի շենքի մոտ կայանալիք ճեպազրույցով։ ԱԺ-ի մոտ իր քարոզարշավը կսկսի նաև «Ազգային-ժողովրդավարական բևեռը», «Հայաստան» դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա Էջմիածնում, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` Երասխում, «Միասնության թևեր»-ը՝ Տավուշում։
Ռեֆորմիստների կուսակցությունը ծրագիրը կներկայացնի Երևանում։
Ընտրություններին մասնակցում են նաև «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը։
Այսպիսով՝ խորհրդարանական մրցապայքարի հիմնական մասնակիցները քարոզչությունն սկսում են միաժամանակ Հայաստանի տարբեր կետերից՝ շեշտադրելով ինչպես մարզերի, այնպես էլ մայրաքաղաքի վրա։
ԿԸՀ-ն մարտին ներկայացրել էր 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար սահմանված նոր պահանջները, ըստ որի՝ Կուսակցությունների դեպքում շեմը դարձել է 4%, մինչև երեք կուսակցությունների դաշինքի պարագայում անցողիկ շեմը 8% է, իսկ 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում՝ 10%:
Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում ապրիլի 28-ին հրապարակվել էին ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները։





































