ՀՀ ՆԳՆ մանրամասներ է հայտնել տեղումներից հետո Հայաստանում տիրող իրավիճակի մասին։
Ըստ գերատեսչության՝ ահազանգեր են ստացվել Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ։ Նշվում է, որ վնասներ և տուժածներ չկան։
ՆԳՆ-ն նաև տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին քարաթափումների վերաբերյալ, ինչի հետևանքով ճանապարհները դարձել են միակողմանի երթևեկելի, նաև սահմանափակվել է երթևեկությունը։ Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է։
ՆԳՆ-ն մարտի 26-ին զգուշացրել էր առատ տեղումների մասին և կոչ արել խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-ին և 28-ին Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսել էր առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։




































