«Առաջարկ Հայաստանին» շարժման հիմնադիր, գործարար Գագիկ Ծառուկյանին և կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին, մեղադրանք է առաջադրվել օրինական ուժի մեջ մտած, դատական ակտ հանդիսացող Հակակոոուպցիոն դատարանի 2023 թվականի օգոստոսի 10-ի որոշման պահանջները չկատարելու համար, տեղեկանում ենք Datalex-ից։
Ըստ գործի՝ որպես հայցի նախնական ապահովման միջոցներ նրանց արգելվել է Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98,03 % բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը։
Նշվում է, որ 2024 թվականի մարտի 8-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի էր ունեցել «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նիստ, որին Ծառուկյան ամուսինները ներկայացված էին իրենց լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի միջոցով։ Նիստում որոշվել էր բավարարել Ծառուկյանների դիմումը և նրանց՝ որպես բաժնետեր, ազատել, ինչպես նաև բավարարել Գագիկ Սայադյանի և Ցվետանկա Վալչևայի դիմումները և վերջիններին ընդունել որպես բաժնետեր:
Ծառուկյանները, հանդես գալով իրենց կողմից լիազորված անձի միջոցով, 2024 թվականի մարտի 8-ին Սոֆիայում կնքված պայմանագրով ընկերության իրենց բաժնեմասերը, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանն իր 90%-ը, իսկ Ջավահիր Ծառուկյանը՝ 10% բաժնեմասը, շուրջ 10.491.138.000 դրամին համարժեք 23.850.000 եվրո գումարով վաճառելու միջոցով օտարել են Սայադյանին և Վալչևային։





































