Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- նշեցին ՔԿ-ից։
ՀՀ պաշտպանության նախարարությունն Armenia Today-ին չտրամադրեց տեղեկատվություն զինծառայողի առողջական վիճակի և գերատեսչությունում հնարավոր ծառայողական քննության վերաբերյալ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ միջադեպի հանգամանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր հարցում։
Փետրվարի 7-ին Shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել պայմանագրային զինծառայող։ Կայքի տեղեկություններով՝ տուժածը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։





































