ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին Աբու Դաբիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի ներկայությամբ:
Փաշինյանն ու Զայեդը քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում խորացնել և ընդլայնել կապերը:
Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն կարևորում է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը: Նա նաև ընդգծել է, որ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք:
Այդպիսով` ավարտվել է Փաշինյանի այցն ԱՄԷ։ Փետրվարի 4-ին Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում ստացել էին 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Նրանք նաև քննարկել էին TRIPP նախագծի և այլ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել էին շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։




































