Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման քաղաքականությունը չի նշանակում ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունից հրաժարում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք հիմնվում ենք նրա վրա, որ Հայաստանի ղեկավարության արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության վերացում կամ մեր երկրին «ռազմավարական պարտության» հասցնել ձգտող միավորումների և դաշինքների չափանիշներին վերակողմնորոշում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մոսկվան բացահայտորեն իր հայ գործընկերներին է փոխանցել ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ իր տեսակետները։
Արտաքին գործերի նախարարությունը վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ «Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ»։
«Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ «ցավոտ կետ», որը, ճնշման դեպքում, կարող է օգտագործվել մեր երկրին վնասելու համար»,- շարունակվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են ամուր իրավական շրջանակի վրա, որն ամրագրում է նրանց դաշնակցային կարգավիճակը, և երկու երկրների ժողովուրդներին միավորում են «դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և գաղափարախոսական ընդհանրությունները»։
Ընդգծվում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին իրական, շոշափելի օգուտներ է բերում հանրապետությանը։
«Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Մենք աջակցում ենք Երևանի լիիրավ մասնակցությանը կազմակերպության աշխատանքներին, քանի որ այն երկրի անվտանգության անբաժանելի մաս է»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը նաև նշել է, որ ռուսական ռազմաբազան և սահմանապահներն «անվտանգության հիմնական տարրեր են Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար»։
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն արդյունավետորեն հաստատում է իր դերը որպես առևտրային և ներդրումային հիմնական և հուսալի գործընկեր, ինչպես նաև Հայաստանի պարենային և էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Գերատեսչությունը նշել է, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի մոտավորապես 35%-ը, իսկ ռուսական բիզնեսը «երկրի սոցիալ-տնտեսական բարեկեցության հիմնական տարրերից մեկն է»։
Հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունն ուզում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ և դա դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն։ Նա նշել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտ է միջազգային զենքի շուկա մուտք գործելու համար։





































