ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Ըստ Թրամփի՝ Վենսը կայցելի խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն առաջ մղելու համար։
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։
ԱՄՆ վարչակազմը, նրա խոսքով, պատրաստում է «հրաշալի համաձայնագիր» Հայաստանի համար՝ խաղաղ միջուկային համագործակցության վերաբերյալ։
Ադրբեջանի վերաբերյալ Թրամփը հայտարարել է ռազմավարական գործընկերության ամրապնդման և ամերիկյան պաշտպանական սարքավորումների, այդ թվում՝ զրահաբաճկոնների և նավակների մատակարարման մեկնարկի մասին։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:




































