ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնդկական ապրանքների վրա մաքսատուրքերի բարձրացման հետևանքով առաջացած առևտրային լարվածության ֆոնին Հնդկաստանը դադարեցրել է ԱՄՆ-ից նոր զենքեր և ինքնաթիռներ գնելու իր ծրագրերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հաղորդագրության համաձայն՝ այս որոշումը վկայում է Թրամփի մաքսատուրքերի և Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնման ընտրողական թիրախավորման վերաբերյալ Նյու Դելիի դժգոհության մասին։
ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի առաջիկա այցը ԱՄՆ՝ գնումն ավարտելու համար, նույնպես չեղարկվել է։
Աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ մաքսատուրքերի շուրջ վեճի պատճառով Հնդկաստանը նաև դադարեցնում է Stryker մարտական մեքենաների, Javelin հրթիռների և Boeing-ի որոշ ինքնաթիռների գնման բանակցությունները։
Ավելի վաղ Հնդկաստանի արտահանման կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Սուբհաշ Չանդեր Ռալհանին հայտարարել էր, որ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը լուրջ հարված է Հնդկաստանի արտահանմանը։