ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը գրառում է արել սոցցանցում՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի շնորհիվ Թուրքիան կհարթի ուղիղ ճանապարհ դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա՝ Հայաստանի միջոցով։
«Եվ դրա հետ մեկտեղ՝ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, որոնք այդպիսով կստանան իրենց բոնուսը»,- գրել է նա։
Նրա խոսքերով՝ մինչ ամբողջ աշխարհը սուրճի մրուրով կռահում է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին՝ Ռուսաստանի երկու հավատարիմ ընկերներ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը «շտապել են Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահի հսկողության ներքո գործարք կնքելու»։
«Ամբողջովին պարզ չէ՝ նրանք կստորագրե՞ն, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, թե՞ կսահմանափակվեն ժամանակավոր հուշագրով։ Սակայն հասկանալի է, որ խոսքը գործարքի մասին է, որի արդյունքում Ամերիկան գալիս է տարածաշրջան, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը պետք է հաշտվեն դրա հետ»,- գրել է նա։
«Այս ամենում ամենավատը Հայաստանի մասնակցությունն է։ Փաշինյանին ընտրողները դատավճիռ են կայացրել իրենց և Հայաստանի համար։ Այստեղ ազգային շահերի հոտ չի գալիս»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր երեկոյան Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր կստորագրեն:
Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունից հաստատել էին մամուլում շրջանառվող լուրերը Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին:
Middle East Eye հրատարակության տեղեկություններով՝ ակնկալվում է, որ Երևանն ու Բաքուն պաշտոնապես կհրաժարվեն ԵԱՀԿ Մինսկի խմբին մասնակցելուց։ Reuters-ն էլ հավելում է, որ կստորագրվի շրջանակային համաձայնագիր, որը ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ կտրամադրի Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական տրանսպորտային միջանցքի զարգացման համար: