Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և ամերիկյան էներգետիկ հսկա ExxonMobil-ը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ-ում այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի ներկայությամբ։
Նշվում է, որ Ալիևն ու Ուիթկոֆը նաև առանձին բանակցություններ են անցկացրել։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախատեսվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թրամփը նրանց հետ կունենա առանձին հանդիպումներ, որից հետո առաջնորդները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Նախատեսվում է երկու երկրների միջև խաղաղ կարգավորման մասին փաստաթղթի ստորագրում։
Reuters-ի տեղեկացմամբ՝ նախագիծը ստացել է «TRIPP՝ Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարօրության» անվանումը։ ԱՄՆ-ը կարող է այդ ճանապարհահատվածը փոխանցել կոնսորցիումի ենթակառուցվածքների կառուցման և կառավարման համար։