ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանից 50 անձի և կազմակերպությունների, ինչպես նաև այս երկրի կողմից վերահսկվող հիսունից ավելի նավերի նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են նավթի առևտրում, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Երկրի ֆինանսների նախարարության տվյալներով՝ սա 2018 թվականից ի վեր նման պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է։
«Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցներն ամենամեծն են մինչ օրս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու արշավ սկսելուց ի վեր: Այս միջոցառումներն Ամերիկային դնում են առաջին տեղում՝ թիրախավորելով ռեժիմի էլիտան, որը շահույթ է ստանում, մինչդեռ Թեհրանն սպառնում է Միացյալ Նահանգների անվտանգությանը»,- հայտարարության մեջ ասել է Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Պատժամիջոցների տակ գտնվող անձինք, ընկերությունները և նավերն իրանական նավթի առևտրով զբաղվող համաշխարհային ցանցի մաս են կազմում, ասվում է հայտարարության մեջ։ Մասնավորապես, դրանք կապված են 20 երկրի և կազմակերպության, այդ թվում՝ Բելգիայի, Միացյալ Թագավորության, Հոնկոնգի, Հնդկաստանի, Իտալիայի, Կիպրոսի, Մարշալյան կղզիների, Միացյալ Արաբական Էմիրությունների, Պանամայի, Ռումինիայի, Սինգապուրի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ։
Ապրիլի 30-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել իրանական նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի առևտրով զբաղվող յոթ ընկերության նկատմամբ։ Ըստ ԱՄՆ-ի՝ տվյալ ընկերություններն իրանական ծագման նավթաքիմիական արտադրանքն ուղարկում են երրորդ երկրներ՝ թույլ տալով Իրանին շրջանցել պատժամիջոցները և եկամուտ ստանալ: