Իրանը բացել է օդային տարածքը միջազգային ավիաչվերթների համար երկրի կենտրոնական և մասամբ արևմտյան շրջաններում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ահվանին:
Նրա խոսքով՝ քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշման համաձայն, ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, բացի երկրի արևելյան մասի օդային տարածքից, որն օգտագործվում է ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար, երկրի կենտրոնական և արևմտյան տարածքների մի մասի օդային տարածքը բաց է եղել միայն միջազգային ու տարանցիկ չվերթների համար:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ, Իսրայելում՝ 24: