ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է անհապաղ հեռացնել CNN հեռուստաալիքի և The New York Times թերթի այն լրագրողներին, որոնք, ըստ նրա, «չար մտադրություններով» կասկածի տակ են դրել Իրանի նկատմամբ ԱՄՆ հարվածների արդյունավետությունը։
«CNN-ի և The New York Times-ի ֆեյք լուեր տարածող լրագրողները պետք է անհապաղ հեռացվեն!!! Վատ մարդիկ են՝ չար մտադրություններով», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Հունիսի 24-ին CNN-ը և մի շարք այլ ամերիկյան ԶԼՄ-ներ, հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության նախնական զեկույցին, հայտնել էին, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարվածները չեն ոչնչացրել Թեհրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, և ըստ նախնական գնահատման՝ ընդամենը մի քանի ամսով հետ են գցել դրա զարգացումը։
Սպիտակ տունը հերքել է այդ հաղորդագրությունները:
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը իր հերթին հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել մամուլում հրապարակված տեղեկատվության արտահոսքի առնչությամբ։