Շախմատի նախկին չեմպիոն, ռուս ընդդիմադիր գործիչ, հայկական ծագումով Գարի Կասպարովը մեղադրվում է Հարավային Սուդանում հեղաշրջում նախապատրաստելու մասնակցության մեջ, հաղորդել է Bloomberg-ը:
Հրապարակման համաձայն՝ գրոսմայստերն զբաղվել է աֆրիկյան երկրում իշխանափոխության համար զենքի մատակարարման կազմակերպմամբ: Կասպարովը, ենթադրաբար, Հարավային Սուդանի ընդդիմության առաջնորդ Պիտեր Աջակին միավորել է ամերիկացի ֆինանսիստ Ռոբերտ Գրանիերիի հետ: Նրանց հանդիպման արդյունքում յոթ միլիոն դոլար հատկացվել է զենքի գնման համար՝ սկսած «Կալաշնիկով» ինքնաձիգներից և նռնակներից մինչև «Սթինգեր» զենիթահրթիռային համակարգեր։
Լրագրողները կապ են հաստատել Կասպարովի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։ Ի պատասխան՝ նա կտրականապես հերքել է իր մասնակցությունն իրադարձություններին՝ ընդգծելով. «Ես իմ կյանքի մեծ մասը նվիրել եմ քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության խթանմանն ամբողջ աշխարհում»։
«Սուդանի կորած երեխաներից» մեկը համարվող Պիտեր Աջակը 1990-ականներին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, գրել է «Bloomberg»-ը։ Նուեր էթնիկ խմբի ներկայացուցիչ լինելով՝ նա քաղաքացիական պատերազմի ժամանակ կորցրել է ընտանիքը։ ԱՄՆ-ում Աջակը սովորել է Հարվարդի Քենեդիի դպրոցում, իսկ ավելի ուշ վերադարձել է հայրենիք՝ որպես տնտեսագետ Համաշխարհային բանկում։ Հարավային Սուդանի անկախության հռչակումից հետո նա դարձել է ակտիվ ընդդիմադիր։ 2013 թվականին, ձախողված հեղաշրջումից հետո, Աջակը ձերբակալվել է։
2024 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի դատարանը հեռակա որոշում էր կայացրել Կասպարովին ձերբակալելու մասին։ Նա մեղադրվում է ահաբեկչական համայնք ստեղծելու, այն ղեկավարելու, ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելու և այն հրապարակայնորեն արդարացնելու մեջ։