Իրանի երեք միջուկային օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածները չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, ամենայն հավանականությամբ, միայն մի քանի ամսով հետ են մղել այն, ըստ CNN-ի՝ նշվում է ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականում, որը ներկայացվել է յոթ տեղեկացված անձանց։
Զեկույցը, որի մասին նախկինում չէր հաղորդվել, կազմվել է Պաշտպանության հետախուզական գործակալության՝ Պենտագոնի հետախուզական ստորաբաժանման կողմից։ Այն հիմնված է մարտական վնասների գնահատման վրա, որն անցկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հարվածներից հետո, ասել է աղբյուրներից մեկը։
Վնասների վերլուծությունը և դրանց ազդեցությունն Իրանի միջուկային հավակնությունների վրա դեռ ընթացքի մեջ են և կարող են փոխվել նոր հետախուզական տվյալների ի հայտ գալու պարագայում։ Սակայն նախնական արդյունքները հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումներին, թե հարվածները «լիովին և ամբողջությամբ ոչնչացրել են» Իրանի ուրանի հարստացման կենտրոնները։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն էլ կիրակի ասել էր, թե «Իրանի միջուկային հավակնությունները վերացվել են»։
Երկու տեղեկացված աղբյուրների խոսքով՝ Իրանի հարստացված ուրանի պաշարները չեն ոչնչացվել։ Մեկը նշել է, որ ցենտրիֆուգները հիմնականում «ամբողջական են» մնացել։ Մյուս աղբյուրի փոխանցմամբ՝ հարստացված ուրանը հնարավոր է՝ հարվածներից առաջ դուրս է բերվել օբյեկտներից։
Երեքշաբթի առավոտյան Թրամփը կրկնել է իր համոզմունքը, թե հարվածների հասցրած վնասն զգալի է։
ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 606 մարդ։