Թեհրանը չի ձգտում ունենալ միջուկային զենք, բայց ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի իրավունք, կառավարության նիստում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է IRNA-ն:
«Ոչ ոք չի կարող խլել այս իրավունքն իրանցի ժողովրդից»,- ասել է նա:
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց «թշնամական գործողությունների» շարունակման դեպքում պատասխանը կլինի «ավելի վճռական և խիստ»։
Նա կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի տարածքի վրա Իսրայելի հարվածներին մասնակցություն ունենալու մեջ՝ հայտարարելով, որ Թել Ավիվի գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոնի անմիջական աջակցությամբ։
Երկրի ղեկավարի խոսքով՝ ամերիկյան պաշտոնյաներից մեկի և Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի վերջին զրույցներից մեկում հնչել է այդ փաստի ուղիղ ընդունում:
«Իսրայելն անկարող է որևէ քայլ ձեռնարկել առանց ԱՄՆ-ի համաձայնության։ Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, տեղի է ունենում Վաշինգտոնի ուղիղ մասնակցությամբ և աջակցությամբ՝ չնայած ԱՄՆ-ի փորձերին՝ մեդիատիրույթում թաքցնելու սեփական դերը»,- շեշտել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը ցավակցություն է հայտնել բարձրաստիճան հրամանատարների և խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ և հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է «դիմակայել Իսրայելի ագրեսիային»։ Նա Թել Ավիվին մեղադրել է միջազգային և հումանիտար բոլոր նորմերի խախտման մեջ, կոշտ քննադատության է ենթարկել «Արևմուտքի լռությունը և փաստացի մասնակից լինելը»՝ ընդգծելով, որ հենց արևմտյան երկրներն են Իսրայելին մատակարարում զինամթերք, ավիացիա, հրթիռներ ու հետախուզական տվյալներ, որոնք օգտագործվում են հարվածների ժամանակ։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: