Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպան էթնիկ զտումների և հայ պատանդներին ապօրինի ազատությունից զրկելու մասին։
Գենսերը և Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը մասնակցել են «Մարդու իրավունքներն Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովից հետո» խորագրով լսումներին:
Նա շեշտել է, որ Վարդանյանի միակ իրական հանցանքն այն է, որ պարզապես պաշտպանում է հայ քրիստոնյա ժողովրդի արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։
«Ավելի քան 18 ամիս է, ինչ իմ պաշտպանյալը Ադրբեջանի կողմից ձերբակալվել է։ Բարեպաշտ քրիստոնյա հայ, հարգարժան բարերար և գործարար Ռուբենը քաղաքական բանտարկյալ է 2023 թվականի սեպտեմբերին»,- ասել է Գենսերը:
Փաստաբանը հիշեցրել է, որ եթե Բաքվի դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա ցմահ ազատազրկում է սպառնում։
«Դատարանում 40-ից ավելի շինծու մեղադրանքներ են ներկայացվել։ Նրան առաջադրված մեղադրանքները բացահայտորեն վրդովեցուցիչ են»,- նշել է փաստաբանը։
Նա շեշտել է, որ Վարդանյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներից էր և նրա տնօրենների խորհրդի անդամը։
«Պետք է ձեռնարկվեն ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր գործողություններ՝ ցույց տալու համար, որ հետևանքները կլինեն իրական և լուրջ: Խոսքը ոչ միայն Ռուբենին բանտարկելու, այլև մարդկանց նկատմամբ էթնիկ զտումներն արդարացնելու մասին է»,- շեշտել է փաստաբանը։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։