Շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (Հութիներ), որը կառավարում է Եմենի հյուսիսը, հայտարարել է Իսրայելի վրա զանգվածային հարձակման մասին, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հութիների զինված ուժերի՝ «Ալ Մասիրա» հեռուստաալիքին։
Մասնավորապես, գնդակոծության են ենթարկվել Բեն Գուրիոն օդանավակայանը և Աշդոդից արևելք ընկած Սդոտ Միհա ռազմաբազան։
«Օդային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել, հարվածել անօդաչու թռչող սարքերով»,- ասել են հութիները:
Մարտի 18-ին հութիները հրթիռային հարված էին հասցրել իսրայելական Նևատիմ ավիաբազային։ Սարիայի խոսքով՝ Եմենի զինված ուժերը «կընդլայնեն իրենց թիրախների շրջանակը Պաղեստինում առաջիկա ժամերին և օրերին», եթե «Գազայի դեմ ագրեսիան չդադարեցվի»:
Մարտի 18-ի լույս 19-ի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ:
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու և այն «մաքրելու» ամերիկյան նոր վարչակազմի ծրագրերն իրականացնել։
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, այդ թվում՝ ականազերծել տարածքը և քանդել ավերված շենքերը: Նրա ծրագրի համաձայն՝ տարածաշրջանը պետք է վերածվի «Միջին Արևելյան Ռիվիերայի»։ Դա ենթադրում է Գազայի բոլոր բնակիչների կամ մեծ մասի վերաբնակեցում այլ երկրներում։ Արաբական հինգ երկրների արտգործնախարարներ քննադատել էին այս առաջարկը: Թրամփը փետրվարի 26-ին հրապարակել էր արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տեսահոլովակ, որտեղ ցույց էր տալիս Գազայի հնարավոր ապագան՝ համաձայն իր պլանի։