Ուկրաինան կարող է իր ներկայիս տեմպերով պայքարել մինչև ամառ, եթե ԱՄՆ-ն դադարեցնի ռազմական օգնությունը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Սելեստ Վոլանդերը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից վերջին ամիսներին ուղարկված կամ պատվիրված սպառազինությունների մեծ ծավալները պետք է բավարար լինեն, որպեսզի ուկրաինացիները շարունակեն մարտը մինչև տարվա կեսը։
Հրատարակությունը պնդում է, որ երբ ամերիկյան մատակարարումները վերջանան, մեծ հեռավորությունների վրա հարվածելու և թիկունքը պաշտպանելու Ուկրաինայի կարողությունը կտուժի։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։