Հայազգի ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Մասթերս շարքի Տորոնտոյի մրցաշարի եզրափակչում, հայտնում է РБК-ն։
Խաչանովը զիջել է աշխարհի յոթերորդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։ Խաղն ավարտվել է 7:6 (7:5), 4:6, 6:7 (3:7) հաշվով։ Նախկինում թենիսիստները հանդիպել էին միայն մեկ անգամ՝ Ինդիան Ուելսում, և այդ անգամ ևս հաղթել էր Շելթոնը։
Սա վերջին յոթ տարում Խաչանովի առաջին եզրափակիչն էր այս մակարդակով: Նա «Մասթերս» մրցաշարում հաղթել է ընդամենը մեկ անգամ՝ 2018 թվականին Փարիզում, երբ եզրափակչում խաղում էր Նովակ Ջոկովիչի դեմ։
«Ինձ համար, իհարկե, ցավալի է պարտվել եզրափակչում։ Երեկ ես հաղթեցի 7:6 հաշվով երրորդ սեթում։ Այսօր ես պարտվեցի։ Բայց շնորհակալ եմ իմ թիմին այստեղ գերազանց արդյունքի համար։ Իմ թիմը մեծ է։ Մյուս անդամները տանն են, արթուն են և հետևում են իմ խաղերին։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել կնոջս և երկու որդիներիս։ Նրանք հիմա էլ են հետևում, թեև չեն կարողացել գալ ինձ հետ Կանադա։ Մենք հաղթում և պարտվում ենք միասին։ Ամեն ինչ լավ է լինելու», — ասել է Խաչանովը եզրափակչից հետո։
Տորոնտոյի եզրափակիչ դուրս գալու համար ռուս թենիսիստը ստացել է մոտ 600 հազար դոլար և 650 վարկանիշային միավոր։ Այժմ նա կդառնա Ռուսաստանի երկրորդ ռակետն ու ATP-ի վարկանիշում կզբաղեցնի 12-րդ տեղը։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Տորոնտոյի ATP մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել էր գերմանացի Ալեքսանդր Զվերևին։