Wizz Air ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբիից Երևան չվերթները՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնում է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը։
«ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով նրանք, ովքեր Wizz Air-ի չեղարկված չվերթների ուղևորներ են և գտնվում են Աբու Դաբիի օդանավակայանում կամ հյուրանոցներում, խնդրում ենք ուղարկել անձնական տվյալները (անուն, ազգանուն, կապի համար, հյուրանոցի անվանում) դեսպանության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը կոչ է անում հետևել ինչպես ավիաընկերության հրահանգներին, այնպես էլ ուղևորների էլ. հասցեներին ուղարկված Wizz Air-ի ծանուցումներին։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ։