Երևան քաղաքի կենտրոնում մայիսի 11-ին ուժեղ քամու հետևանքով օդում փոշու կոնցենտրացիան 3,9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի նորման՝ հասնելով 0.589 մգ/մ³-ի, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Մայրաքաղաքի մյուս դիտակայաններում փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություններ չեն արձանագրվել։
Ըստ գերատեսչության՝ Երևանում դիտված ուժեղ քամին պայմանավորված էր ամպրոպներով։
«Այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն՝ ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության հետևանքով»,- մանրամասնել է գերատեսչությունը։
Հայաստանում մայիսի 11-ին քամու հետևանքով 57 արտակարգ դեպք էր գրանցվել։ Երևանում և մարզերում քամին ծառեր էր տապալել, վնասել տանիքի թիթեղներ։