Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8-րդ դպրոցի բակում բողոքի ակցիայից հետո ծնողները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով իր պաշտոնում վերականգնել աշխատանքից հեռացված տնօրեն Նատալյա Ստեփանյանին։
Ծնողները մայիսի 9-ին հայտարարել էին, որ համաձայն չեն նրան հեռացնելու որոշման հետ և այդ հարցով նամակ էին ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ իմանալու տնօրենին ազատելու պատճառները։ Ծնողները նաև տեղեկացրել էին, որ տնօրենի հեռացման որոշումն ընդունել են փակ ձևաչափով՝ առանց իրենց և վարչական շրջանի անդամների ներկայության, ինչն օրենքի խախտում էին որակել:
Մայիսի 12-ին ծնողներին ընդունել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։ ԿԳՄՍՆ-ի դիմաց ծնողները հույս են հայտնել, որ Ստեփանյանին ազատելու որոշման վերաբերյալ բողոքարկման արդունքները դրական կլինեն։
«Հույս ունենք՝ այսօր բողոքարկման հանձնաժողովը դրական որոշում կունենա»,- ընդգծել է դպրոցի աշակերտի ծնող, դպրոցի շրջանավարտ Գայանե Մուրադյանը։
Վերջինս տեղեկացրել է, որ դասերն այսօր շարունակվել են, թեպետ ծնողներից շատերն իրենց երեխաներին հրաժարվել են ուղարկել դպրոց։
«Դաս կա, բայց մենք հրաժարվել ենք մեր երեխաներին դպրոց ուղարկել, մինչև չիմանանք վերջնական որոշումը։ Մենք ցանկանում ենք տնօրենի պաշտոնում տեսնել Ստեփանյանին, որովհետև նա բոլորիս սրտով է կառավարում»,- ասել է ծնողներից մեկը։
Ծնողական խորհուրդը տնօրենին հեռացնելու որոշումը բոյկոտելու պահանջով նաև ստորագրահավաք էր սկսել։ Նրանք նշել էին, որ պահանջում են ներկա գտնվել տնօրենին հեռացնելու որոշման երկրորդ քվեարկությանը, քանի որ համաձայն չեն առաջինի արդյունքների հետ։