Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև, ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ արված իր խոսքում հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ-ը, որը Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ պատարագ է մատուցել։
Նա ազգային միասնականության կոչ է արել։
«Մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի և քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Հայոց Ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր՝ մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև, և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա»,- ասել է կաթողիկոսը։
Նրա խոսքով՝ արդար դատի պահանջատիրությունն իր մեջ ատելություն ու թշնամանք չունի։
«Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը՝ մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Սիրելի ժողովուրդ, մերօրյա ծանր ու դժվարին իրավիճակում, երբ նոր ցեղասպանության իրականացմամբ այլևս բռնազավթված և հայաթափված է Արցախը, և Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, առավել հրամայական է անսասան պահել հավատարմությունը հավատք, ազգ ու հայրենիք նվիրական արժեքներին, հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի»,- ընդգծել է Գարեգին 2-րդը։
Նա հորդորել է շարունակել արիաբար դիմակայել հայ ժողովրդին բաժին ընկած փորձություններին և համատեղ ուժերով բարեզարդել ազգային և հայրենական կյանքը։
«Հակառակ առկա անվտանգային սպառնալիքների և շարունակվող ներազգային պառակտվածության, հակառակ մեր իրականության մեջ տեղ գտնող պատմության ու արժեքային խեղաթյուրումների, քարոզվող այլևայլ կեղծ ընկալումների՝ նախանձախնդիր լինենք հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանությանը և զորանանք հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։ Հիրավի, մեր նախնյաց ժառանգության նկատմամբ հավատարմությունը, համազգային համերաշխությունն ու հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությունը երաշխիքն են մեր ազգի հարատևության և անկախ պետականության գոյության»,- շեշտել է կաթողիկոսը։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։