ԱԻՆ-ը հրդեհաշիջման աշխատանք չի կարող կատարել Ջերմուկի այրվող անտառների այն հատվածներում, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը՝ պարզաբանելով, որ կա այդպիսի 2 օջախ:
Հրդեհաշիջման արգելքը պայմանավորված է անվտանգության նկատառումներով, սակայն հնարավոր վայրերում կրակն ամբողջությամբ մարված է:
Ինչպես հայտնեց Հայկ Կոստանյանը՝ ԱԻՆ-ը դեռ վերջնական տվյալներ չունի այրված տարածքի մակերեսի մասին, սակայն պաշտոնական վերջին տվյալներով՝ խոսքը 300 քմ խոտածածկույթ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 15։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է մի քանի օջախներով, մասնավորապես՝ Շահումյան փողոցին կից հատվածում՝ 5-6 հա, Կեչուտի ջրամբարի մոտ՝ 2 հա, «Ֆորտե» ռեստորանի մոտ՝ 2000 քմ անտառածածկ տարածք: Չդիտարկվող տարածքում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16:29-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: