Հունիսի 1-ից վերամեկնարկել է Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը, հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Խոսքը «40+10» ծրագրի մասին է, որով աջակցության չափը կազմում է 40 000 դրամ, որին ավելանում է 10 000-ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2-րդ անդամից։
Դիմումներն արցախցիները կարող են ներկայացնել հունիսի 1-ից՝ ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով, ուղեցույցը՝ այստեղ։
Նախարարությունից հստակեցրել են, որ աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55 000 դրամը։
Ընդգծել են, որ ծրագրից չեն կարող օգտվել նաև այն ընտանիքները, որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, ինչպես նաև չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15 000 դրամից։
Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով աջակցություն ստացող արցախցիների թիվը։ Այս որոշման դեմ մարտին արցախցիները հանրահավաք էին անցկացրել, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև երկարաժամկետ սոցիալական ծրագրեր նախաձեռնել։ Ապրիլի 30-ին կառավարությունը հաստատել էր Արցախից բռնի տեղահանվածներին լրացուցիչ 2 ամսով սոցիալական աջակցություն տրամադրելու նախագիծը։
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում