Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը կոչ է արել միանալ մարտի 29-ի հանրահավաքին, որի ընթացքում Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանի կառավարությունից կպահանջեն հստակ և երկարաժամկետ քաղաքականություն մշակել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար։
«ՀՀ իշխանությունների անգործությունն ու անպատասխանատվությունն ստեղծել են անելանելի իրավիճակ, որն սպառնում է մեր հայրենակիցների իրավունքներին ու ապագային։ Այս պայմաններում մեր հանրությունը չի կարող լռել և ստիպված է բարձրացնել իր ձայնը՝ իր իրավունքներն ու արդար պահանջները ներկայացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Խմբակցությունը պահանջել է գործադրել իրավական և քաղաքական բոլոր հնարավոր լծակները՝ գերիների անհապաղ ազատման համար՝ նրանց հարցը բարձրացնելով միջազգային կառույցներում և պահանջելով արդարություն, ինչպես նաև միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել Արցախի հայության կոլեկտիվ վերադարձի իրավունքների հարցը։
Պատգամավորները ՀՀ կառավարությունից նաև պահանջել են մշակել և իրականացնել հստակ ու երկարաժամկետ քաղաքականություն՝ Արցախի հայության սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծման համար, ապահովել տեղահանված ընտանիքների կայուն կենսապայմաններ՝ ներառյալ բնակարանային, առողջապահական և կրթական ծրագրերը, աշխատատեղերի ստեղծումը։
Մարտի 29-ին արցախցիները ծրագրում են բազմամարդ հանրահավաք անցկացնել Երևանի «Ազատության» հրապարակում՝ կառավարության այն որոշման դեմ, որով ապրիլի 1-ից բնակվարձի փոխահատուցում (40+10) կստանան ոչ թե բոլոր արցախցիները, այլ բռնի տեղահանվածների առանձին խմբեր։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «40+10» աջակցության ծրագիրն ապրիլից միայն հատուկ խմբերի համար շարունակելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը չի քննարկվել Արցախի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ։
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն