Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի տարածքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը «մոտենում է ավարտին», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տաշքենդում անցկացված Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպմանը ելույթ ունենալով՝ Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։
Նրա խոսքով՝ 15 մլն տոննա թողունակությամբ երկաթգիծն սկզբնական փուլում կդառնա Միջին միջանցքի կարևոր զարկերակը։
Ալիևը նշել է, որ Միջին միջանցքի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Նա հավելել է, որ վերջին երեք տարիներին Միջին միջանցքով Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն աճել են 90%-ով։
Տաշքենդում այսօր կայացած հանդիպման ընթացքում Ադրբեջանին տրվել է Կենտրոնական Ասիայի խորհրդատվական հանդիպումների լիիրավ անդամի կարգավիճակ։
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» մեծ հնարավորություններ է բացում տնտեսական, առևտրային և տրանսպորտալոգիստիկ համագործակցության համար «Ադրբեջան + Կենտրոնական Ասիա» ձևաչափի շրջանակում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կոչ էր արել Ադրբեջանի նախագահին պարզաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հայտարարությունները։ Ալիևը, նույն ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարել էր, որ TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի») նախագիծը կապահովի «անարգել անցում» «Զանգեզուրի միջանցքով»։
Հոկտեմբերի 1-ին Փաշինյանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ կապ չունի Հայաստանի հետ, և նախագիծը վերաբերում է Հորադիզ-Զանգիլան ճանապարհին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։

























