«Զանգեզուրի միջանցքի» 44 կիլոմետրանոց հատվածը հնարավոր է վերականգնել շուրջ երկու տարում, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
Այսօր ավել վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր Հայաստանի հետ սահմանին գտնվող այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքում» աշխատանքների մոտալուտ ավարտի մասին:
«Երկաթուղային շինարարության ոլորտում ռուս մասնագետները ոտքով են անցել այդ ճանապարհը։ Թունելները չեն ավերվել, պահանջվում է միայն երկաթուղային համալիրի վերականգնում»,- դիվանագետին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Եվդոկիմովի խոսքով՝ այնքան էլ կարևոր չէ, թե ում կողմից և ինչպես կվերականգնվի ճանապարհը։
«Կարևորն այն է, որ աշխատանքներն ավարտվեն որքան հնարավոր է շուտ. դա կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները և պայմաններ կստեղծի տարածաշրջանի տնտեսական զարգացման համար»,- նշել է դեսպանը:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ստորագրել էին հռչակագիր, որով նախատեսվում է ստեղծել TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) տրանսպորտային երթուղի, որի համաձայն՝ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և չեն ներկայացնելու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ էր արել պարզաբանել «Զանգեզուրի միջանցքի» մասին նրա հայտարարությունները: Ալիևը, ելույթ ունենալով նույն ամբիոնից, հայտարարել էր, որ TRIPP նախագիծն «անխոչընդոտ անցում» կապահովի «Զանգեզուրի միջանցքով»: Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հստակեցրել էր, որ խոսքն ադրբեջանական տարածքում Հորադիզ-Զանգիլան ճանապարհի մասին է, և Հայաստանը դրա հետ կապ չունի:

























