Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում Սյունիքով անցնելիք ճանապարհն անվանել է «Զանգեզուրի միջանցք», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագիրն է, որը կապահովի Զանգեզուրի միջանցքով անարգել անցում և կամրապնդի տարածաշրջանային կապերը», - ասել է նա։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային հաղորդակցությունները Բաքվի տեսլականի հիմքն են կազմում՝ երկարատև խաղաղության համար։
Ալիևը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը նշանավորում է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունների նոր փուլի սկիզբը։ Նա նաև «պատմական քայլ» է անվանել ԱՄՆ նախագահի որոշումը՝ կասեցնելու «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:



























