Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ լուրջ և իմաստալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի կարևոր ուղղությունների՝ սահմանների սահմանազատման, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման և զարգացման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ։
«Ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն ու բանակցություններն ինչպես տարբեր աշխատանքային խմբերի, այնպես էլ ավելի բարձր մակարդակով»,- հայտնում են լրատվամիջոցները։
Հայկական կողմը դեռ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։
Աբու Դաբիում այսօր տեղի էր ունեցել Փաշինյանի և Ալիևի երկրորդ երկկողմ հանդիպումը։ ՏԱՍՍ-ը տեղեկացրել էր, որ պատվիրակությունների հետ բանակցություններից հետո, որը տևել է շուրջ 2 ժամ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անցկացրել էին դեմ առ դեմ հանդիպում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը։ Նա ընդգծել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
«Քարնեգի» կենտրոնը հունիսի 30-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն փորձելով տեղաշարժել խաղաղության գործընթացը՝ հնարավոր է փորձի համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Հայաստանի սահմանադրության վերաբերյալ պահանջներից։ Հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն ներկայացրել է սեփական ծրագիրը Հայաստանին ու Ադրբեջանին՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։