Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել է Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելու հարցը, ինչի տեխնիկական խորհրդակցություններն արդեն սկսվել են, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողայի խոսքով՝ Անկարան չի հրաժարվել F-35 ծրագրին մասնակցելուց, և այն ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական գործընթաց է, իսկ Թուրքիան անարդարացիորեն հեռացվել է այս ծրագրից։
«Մենք անընդհատ քննադատել ենք այս քայլը, որը անհամատեղելի է դաշինքի ոգու հետ»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Անդրադառնալով երկրի պաշտպանունակության ամրապնդմանը՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան մտադիր է մեծացնել իր հրթիռային ներուժը իր ՀՕՊ համակարգերի զարգացման շրջանակներում:
«Մենք Թուրքիայի ՀՕՊ համակարգը հասցրել ենք որոշակի մակարդակի, բայց դա բավարար չէ: Մենք պետք է ամրապնդենք մեր հրթիռային հնարավորությունները: Մենք ստեղծում ենք «համակարգերի համակարգ»՝ «Պողպատե գմբեթ», տարբեր մակարդակներում ինտեգրելով ՀՕՊ համակարգերը, սենսորները և էլեկտրոնային պատերազմի համակարգերը», – մասնավորապես ասել է Թուրքիայի ղեկավարը։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին դիմել էր գնելու 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնելու այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռներ, որոնք արդեն օգտագործվում էին երկրի ռազմաօդային ուժերում: 2024 թվականի փետրվարին ԱՄՆ Կոնգրեսը չէր առարկել Թուրքիային F-16-ների վաճառքին, քանի որ Անկարան հավանություն էր տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի դաշինքին միանալուն։