Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության սահմանադրության Պահապանների խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկող մարմնի խոսնակ Հադի Թահան Նազիֆը։
«Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, հաստատվել է երկարատև խորհրդակցություններից հետո»,- հայտնել է պաշտոնյան։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ։