ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը մեկնաբանել է որպես Ամենայն Հայոց կաթողիկոսից Վեհարանն ազատելու ծրագրի «կարևոր լիցք»:
«Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»,- գրել է Փաշինյանը սոցիալական ցանցերում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ՔՊ-ն և նրա քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը հավաքել են 15 296 ձայն (48,5%), ինչը նշանակում է, որ կարող են միաձնյա ընտրել քաղաքապետ:
Ըստ վարչապետի՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներն իրենց ընտրությամբ մի քանի այլ կարևոր արձանագրում են արել, այդ թվում՝ հաստատել, որ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանը «մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը»։ Նրա համոզմամբ՝ քաղաքացիներն աջակցություն են հայտնել ՔՊ-ի ռազմավարությանը:
Շնորհավորելով Մեխակյանին Վաղարշապատի համայնքապետ ընտրվելու առիթով՝ վարչապետը նաև հայտարարել է, որ ՀՀ ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։
Ընտրություններին մասնակցությունը կազմել էր 45,12%: ՆԳՆ-ն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել էր 10 ահազանգ։ Դիտորդները մի շարք ընտրախախտումներ էին արձանագրել ընտրությունների ընթացքում։
Մայիսից Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի ու այդպիսով խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել այն քահանաներին, ովքեր, իր խոսքով, վեր կհանեն եկեղեցու խնդիրները։ Նա երկու անգամ մասնակցել էր եկեղեցու մասին գրառումներով ու հայտարարություններով հայտնի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ-խմբ․) ծեսերին՝ պնդելով, թե «կարգալույծ Կտրիճ Ներսիսյանը (կաթողիկոսը-խմբ․) չի կարող կարգալույծ անել»։




































