Իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը, ասվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ տեղի ունեցած եպիսկոպոսների և հայաստանյան թեմակալ առաջնորդների ժողովի հայտարարության մեջ։
Ժողովը հիշեցրել է, որ կալանք է կիրառվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ, կալանքի միջնորդություն է ներկայացվել թեմի գլխավոր հաշվապահին։
Հայտարարության մեջ նշվում է, որ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը և անձամբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ «տևական ժամանակ ատելության խոսք ու անհանդուրժողականություն է տարածում եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, բացահայտ ոտնձգություններ կատարում եկեղեցու դարավոր կարգերի հանդեպ»։
«Ըստ այդմ՝ այս ակնհայտ ոչ իրավական քրեական գործընթացների քաղաքական բնույթն ակնառու է դառնում, երբ դրանք անմիջապես հաջորդում են վարչապետի՝ Հայոց եկեղեցին թիրախավորող հայտարարություններին»,- շեշտել են Մայր Աթոռից։
Բարձրագույն հոգևոր դասը ՀՀ դատական և իրավապահ մարմիններին կոչ է արել գործել բացառապես օրենքի շրջանակներում և տուրք չտալ պաշտոնեական լիազորությունները չարաշահող պետական գործիչների կամայականություններին և խմբային շահերին։
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Մինչդեռ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, ապա կեղծ որակել նրա հայտարարությունները։
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռից հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը և 12 հոգևորական։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մկրտիչ եպիսկոպոսին և Տեր Գարեգինին մեղադրանք էր առաջադրվել:
Կարդացեք նաև՝




































