Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բադասարյանը հայտնել է, թե բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։
«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ և առանց տարընթերցումների հնարավորության՝ վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում»,- գրել է նա։
Խոսնակի խոսքով՝ որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող։
Այս առնչությամբ գրառում է արել նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշել է, որ ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա։
«Մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն»,- գրել է նա:
Ռուբինյանը նշել է, որ պայմանավորվածությունը ներառելու է նաև ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա:
«Այսինքն, եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով»,- նշել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր երեկոյան Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր կստորագրեն:
Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունից հաստատել էին մամուլում շրջանառվող լուրերը Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին:
Middle East Eye հրատարակության տեղեկություններով՝ ակնկալվում է, որ Երևանն ու Բաքուն պաշտոնապես կհրաժարվեն ԵԱՀԿ Մինսկի խմբին մասնակցելուց։ Reuters-ն էլ հավելում է, որ կստորագրվի շրջանակային համաձայնագիր, որը ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ կտրամադրի Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական տրանսպորտային միջանցքի զարգացման համար: