ՀՀ բոլոր քաղաքներում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասնաճյուղերի ղեկավարներին հանձնարարվել է գրել հրաժարականի դիմումներ՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնած կրճատումների շրջանակներում, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Թերթի տվյալներով՝ իրենց պաշտոնները պահպանելու համար նրանց առաջարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում համագործակցել իշխանությունների հետ, հրաժարվելու դեպքում՝ նրանք պետք է հրաժարական տան։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պետրոսյանն այս տեղեկատվությունն անվանել է «անհեթեթություն»։ Նրա խոսքով՝ «հեռանում են նրանք, ովքեր իրենց չեն տեսնում գործընթացում կամ անազնիվ են գործատուի և պետության հետ»։
«Ես նրանց չեմ տեսնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման այս փուլում, և արտահայտում եմ իմ անվստահությունը աշխարհայացքի և արժեքային համակարգի տարբերության պատճառով»,- Պետրոսյանի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Նա վստահեցրել է, որ բոլոր գործողությունները կատարվում են ՀՀ օրենքի և բարոյական չգրված նորմերի շրջանակներում։
Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հուլիսի 24-ին ՀԷՑ-ի մամուլի ծառայությունը հայտարարել էր նոր բարձրաստիճան ղեկավարների նշանակման մասին։ Հուլիսի 31-ին Պետրոսյանի նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։