«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է Հայաստանն աշխարհաքաղաքական զոհի կարգավիճակից հանելու իր մտադրության մասին, ասվում է գործարարի 9-րդ ուղերձում, որը նա հղել է կալանավայրից իր պաշտպանների միջոցով:
Ուղերձում Կարապետյանը ներկայացրել է երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր տեսլականը: Նա ընդգծել է Բաքվի հետ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային հաղորդակցությունները Հայաստանի համար բարենպաստ պայմաններով բացելու կարևորությունը:
Կայուն խաղաղություն Բաքվի հետ՝ Հայաստանի շահերը հարգելու և միակողմանի զիջումները բացառելու եղանակով
Կարապետյանը Բաքվի հետ չստորագրված խաղաղության համաձայնագիրը որակել է որպես «որևէ արժեք չունեցող թղթի կտոր», որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է օգտագործել «ընտրություններից առաջ ժողովրդին խաբելու համար միայն, իբր, տեսե՛ք, խաղաղություն եմ բերել»:
«Հայաստանում բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց իրական, արժանապատիվ ու կայուն, այլ ոչ թե զուտ ձևական մի թուղթ և անդադար սպառնալիքներ ու նվաստացում»,- հավելել է Կարապետյանը:
Նա նշել է, որ Երևանը չի կարողացել օգտվել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մնացած ամուր բանակցային դիրքերից, թեև, վստահ է, ճիշտ մոտեցմամբ հնարավոր կլիներ պահպանել Արցախը, Հայաստանի տարածաշրջանային ազդեցությունը, կանխել գերիների հայտնվելը Բաքվի բանտերում և առաջ քաշել սեփական պայմանները խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ։
«Բոլոր բանակցային դիրքերը զրոյացնելուց, Արցախը տանուլ տալուց հետո բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ»,- գրել է գործարարը։
Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան փաստացի դարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գլխավոր միջնորդը, երբ Հայաստանը համաձայնել է հրաժարվել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ – AT) մասնակցությունից բանակցային գործընթացում։
«Զանգեզուրի միջանցքը»՝ ինքնիշխանության կորստի ուղի՝ տարածաշրջանային համագործակցության շղարշի տակ
Կարապետյանը հայտարարել է, որ իր նոր քաղաքական ուժով մտադիր է հանել ՀՀ-ն աշխարհաքաղաքական զոհի կարգավիճակից, ինչպես նաև վերականգնել շահերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Նրա խոսքով՝ այդ դեպքում տարանցիկ ուղիները կմնան Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ բերելով նրա բյուջե, ոչ թե լցնելով հարևան, թեկուզ բարեկամ երկրի բյուջեն:
«Տաշիր»-ի ղեկավարը զգուշացրել է, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանը կտանի վիլայեթացման, չնայած այս ամենը ներկայացվում է «խաչմերուկի» անվան տակ («Խաղաղության խաչմերուկ» – AT):
Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Փաշինյանի՝ որպես անվստահելի բանակցողի և միջազգային գործընկերների հետ հարաբերություններում «խաբեբայի համբավը» հակասում է Հայաստանի շահերին: Նա հիշեցրել է վարչապետի քայլերը՝ «երկար-բարակ խոսել Եվրոպայի հետ եղբայրանալու մասին, բերել եվրոպական դիտորդներ՝ իբր Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար, ամիսը մեկ գրկախառնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, բայց, փաստացի, «քցել» այդ բոլորին ու խախտել խոստումները՝ հիմա էլ փորձելով «միջանցքը» տալ ամերիկացիներին»՝ դրանք որակելով հակասական:
Նման վարքագիծը, ըստ Կարապետյանի, վարկաբեկում է հայկական կողմին միջազգային ասպարեզում, իսկ կառավարության ղեկավարն ինքը փաստացի խախտում է նախկինում տված խոստումները և «դավաճանում է բոլորին»։
«Ես հաջողությամբ բիզնես եմ վարել աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ու վստահեցնում եմ՝ այսպիսի վարվելակերպով ու խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ հեղինակազրկելու է իրեն, այլև մեր Հայրենիքն աշխարհի աչքերում»,- եզրափակել է նա։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Կալանքի մեջ գտնվելու շուրջ մեկ ու կես ամսվա ընթացքում Կարապետյանն իր փաստաբանական խմբի միջոցով կալանավայրից հրապարակել է ևս 8 ուղերձ։
Նույն օրը հրապարակած առաջին ուղերձում նա շեշտել էր, որ ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով իրեն չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներից։
Հունիսի 20-ին հրապարակել էր ուղերձ, որում խոսել էր արդարությունն ու արդարադատությունը վերականգնելու հնարավորության մասին
Հոնիսի 21-ին հրապարակված ուղերձում Կարապետյանն ընդգծել էր, որ իր դեմ մեղադրանք առաջադրած քննիչն ու դատախազը որոշում են կայացրել հարկադրանքի տակ, իսկ դատավորի վիճակը բնութագրել էր որպես «կախյալ և անզոր»։
Հունիսի 27-ի իր ուղերձում բարերարը նշել էր, որ վերադարձնելու են վստահելի դաշնակցի համբավն աշխարհում և քննադատել էր իշխանություններին՝ ՀՀ-ն գեոպոլիտիկ պայքարի կենտրոն դարձնելու մեջ։
Հուլիսի 4-ին, ի պաշտպանություն գործարարի տեղի ունեցած ակցիայի ընթացքում փաստաբան Արամ Վարդևանյանի ընթերցած ուղերձում Կարապետյանը նշել էր, որ գործող իշխանությունները պետք է հեռանան և նոր ուժ է անհրաժեշտ։
Իր 8-րդ ուղերձում Կարապետյանը խոսել էր ՀՀ-ում միավորող արժեքներին իշխանությունների հասցված ուժգին հարվածի մասին։
Հուլիսի 14-ին Կարապետյանը հայտնել էր, որ իրենց քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։