«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ երբեք չի հրաժարվի իր սկզբունքներից ու արժեքներից, որովհետև «դրանց հիմքում Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իր հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր եկեղեցու հանդեպ»:
Կարապետյանը, որն այս պահին գտնվում է Քննչական կոմիետում, նշել է, որ երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության «ողջ սնանկությունը»։
«Անկեղծ ատելությունը Հայ Առաքելեկան եկեղեցու նկատմամբ, քամահրական վերաբերմունքն ազգային արժեքների հանդեպ, առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը, ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։ Բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին՝ հայտնի է իր սկզբունքային և անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեկ շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց»,- ասված է հայտարարության մեջ։
Գործարարը նկատել է, որ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես իր ուշադրության կենտրոնում, իր ու ընտանիքի կյանքի և գործունեության առանցքում են և խոստացել է՝ այդպես կլինի միշտ։
«Վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանանք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ»,- եզրափակել է նա:
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ին՝ գիշերը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։